National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.05.2016
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
1 / 6

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ:

Առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանի հետ էր:

Համազեկուցող Ալան Միլը տեղեկացրել է, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման նպատակն է լսել նրանց տեսակետներն ու կարծիքները Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շրջանակում իրականացվող քայլերի եւ ընտրական բարեփոխումների վերաբերյալ:

Թեւան Պողոսյանն իր մոտեցումներն է ներկայացրել խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: Նա կարեւորել է ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Թեւան Պողոսյանը համազեկուցողին առաջարկել է անձամբ այցելել Արցախ եւ ծանոթանալ իրավիճակին:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլի հետ հանդիպել են նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Խոսելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց ներկայացրած հիմնական առաջարկներն ընդունվել են հեղինակների կողմից: Խմբակցության ղեկավարի խոսքով՝ ամեն ինչ արվում է կոնսենսուսով ՀՀ ընտրական օրենսգիրք ընդունելու համար: Նշվել է, որ կարեւոր քայլեր են իրականացվում ընտրական գործընթացում արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ. այս համատեքստում մասնավորապես կարեւորվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի ավելի վստահելի համակարգի առկայությունը:
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Արմեն Ռուստամյանը նշել է, որ կողմերը պետք է հարգեն Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած իրենց պարտավորությունները, այն է՝ խնդիրը լուծել բանակցային, քաղաքական, խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում խմբակցության ղեկավարը նշել է, որ երկու համազեկուցողներից ակնկալում է հասցեական եւ հստակ գնահատականներ, քանզի ակնհայտ է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:
ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ալան Միլը նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կառավարման համակարգի փոփոխությանը:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպել է նաեւ ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Խմբակցության ղեկավարը կեղծված է համարել նախորդ դեկտեմբերին Հայաստանում իրականացված սահմանադրական հանրաքվեն, ապա ներկայացրել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԱԺ ՀԱԿ խմբակցության հինգ հիմնական առաջարկները:

Անդրադառնալով ԸՕ-ի նախագծի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումներին՝ Լեւոն Զուրաբյանը տեղեկացրել է, որ թեեւ իշխանությունն ընդառաջ է գնացել եւ իրականացրել որոշ զիջումներ, այդուհանդերձ հիմնական հարցերի վերաբերյալ այդպես էլ փոխհամաձայնություն չի կայացել:

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը եւ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:

Խմբակցության քարտուղարը նախ անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը փոփոխություններին կողմնակից չէր: Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկների մեծ մասը չի ընդունվել:

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին՝ Մհեր Շահգելդյանը նշել է, որ այն տարբերակով, որով ներկայացվել է ԸՕ-ի նախագիծը, ընդունելի չէ:

Հովհաննես Մարգարյանը եւս անդրադարձել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին, ԸՕ-ի նախագծին, ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ռեյտինգային ընտրություններին, ընտրատեղամասերում քվեաթերթիկների ամփոփմանը, տեսանկարահանող սարքերի կիրառմանը, ստորագրված ցուցակների հրապարակմանը:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Արմեն Ավետիսյանը եւ Վահե Էնֆիաջյանը նույնպես հանդիպել են փաստահավաք առաքելությամբ Հայաստան այցելած ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի, Ջուզեպպե Գալատիի եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնի հետ:

Միքայել Մելքումյանը նշել է, որ եղել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներ, որոնց արդյունքում լիակատար փոխզիջումներ տեղի չեն ունեցել, սակայն իրենց կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ ընդունվել են իշխանությունների կողմից: Պարոն Մելքումյանն անդրադարձել է ընտրացուցակների հստակեցմանը, մատնահետքերով քվեարկության հնարավորությանը եւ ցուցակների հրապարակման անհրաժեշտությանը: Նա կարեւորել է իշխանության կողմից փոխզիջումների գնալը՝ արդար եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու նպատակով: Խմբակցության անդամներն անդրադարձել են նաեւ էլեկտրոնային մատնահետքերով քվեարկությանը եւ նշել, որ ակնկալում են այդպիսի քվեարկության հետ կապված տեխնիկական աջակցություն: Պարոն Մելքումյանը փաստել է, որ քաղաքական ուժերի համախմբման դեպքում միայն հնարավոր է ունենալ ուժեղ եւ ժողովրդավար պետություն:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ խմբակցության անդամներ Գագիկ Մինասյանը, Մարգարիտ Եսայանը, Շիրակ Թորոսյանը, Կարեն Բեքարյանը, Նաիրա Կարապետյանը եւ Վահրամ Մկրտչյանը, հանդիպելով ԵԽԽՎ համազեկուցողների հետ, ներկայացրել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ծավալած գործունեությունը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Խմբակցության անդամները մանրամասն անդրադարձել են այն բոլոր հարցերին, որոնք քննարկումների ընթացքում բարձրացվել են ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից:

Անդրադարձ է կատարվել ընտրացուցակների հրապարակմանը, առցանց տեսանկարահանմանը, մեր երկրին տրամադրվող խորհրդատվության արդյունավետությանը, ընտրակաշառքի եւ կրկնակի քվեարկության մեխանիզմների բացառմանը, մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերին առնչվող փոփոխությանը:

Գագիկ Մելիքյանը, ամփոփելով գործընկերների ասածը, նշել է, որ իշխանությունների վերջնական նպատակն է հասնել բոլոր քաղաքական ուժերի համախմբմանը: Պատգամավորները հանգամանալից պատասխանել են ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի անդամների հարցերին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am